Ամուսինս Գիտի, Որ Դավաճանությունը Չեմ Ների». Ծովինար Մարտիրոսյանի և Նարեկ Հայկազյանի Ընտանեկան Կյանքն Ու Իրարից Չձանձրանալու Գաղտնիքը. ՖՈՏՈՇԱՐՔ

Դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանն 15 տարի է՝ ամուսնացած են, բայց միմյանց ճանաչում են շուրջ 19 տարի: Tert.am Life-ի հետ զրույցում Ծովինարը պատմել է ընտանեկան խնդիրների, դրանք հաղթահարելու, երջանիկ լինելու և որդիների՝ Անրիի ու Արշակի մասին:

Ծովինարի խոսքով՝ իր ու Նարեկի հանդիպումը, երևի, Աստծո ձեռքի գործն է եղել: «Չզգացի՝ ինչպե՞ս տարիներն անցան, միայն երեխաներին նայելով եմ հասկանում, որ տարիներն արագ են թռչում, մենք էլ՝ մեծանում: Այսքան տարիներ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը բարդ է, կարևոր են սերն ու հարգանքը, զիջելու ունակությունը:

Պետք է քո «ես»-ը մի կողմ դնես, կարողանաս համատեղել կարիերան, ընտանիքը, հաղթահարել կենցաղն ու հոգսերը. սրանք մանրունքներ են թվում, բայց շատ կարևոր են: Այս ամենը հաղթահարելով՝ երջանիկ եմ, կարողացել եմ այս տարիների ընթացքում գտնել իմ երջանկությունը, սիրում եմ երջանկացնել իմ սիրելի մարդկանց: Վ. Սարոյանը մի խոսք ունի՝ «Ի՞նչ իմաստ ունի ապրելդ, եթե չես ապրում ուրիշների համար»: Պետք է ինքդ երջանկացնես, որ երջանիկ լինես, չպետք է սպասես, որ ինչ-որ մեկը գա ու երջանկացնի քեզ»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ կինն ընտանիքում որոշիչ դեր ունի: «Ամեն ինչ կնոջից է կախված: Իհարկե, տղամադրը տան գլուխն է, բայց խելացի է այն կինը, ով կարողանում է իր տունն այդպես պահել: Եթե ուզում ես թագուհի լինել, պետք է կողքիդ թագավոր ունենաս, չես կարող անորոշ մեկի կողքին թագուհի լինել: Իսկ այդ ամենն ունենալու համար պետք է ջանք ներդնես, շատ դեպքերում համակերպվես և լռես, բայց խոսքն այն մասին չէ, երբ ստորացնում են կնոջը, իսկ նա լռում: Կինը կարող է այնպես անել, որ տղամարդն իրեն հարգի և սիրով տուն գա: Թող ամենահետամնաց դերասանուհին համարվեմ, բայց կնոջ գործը բալիկների ու ամուսնու համար տաքուկ անկյուն ապահովելն է»,- նշեց նա:

Ըստ Ծովինարի՝ իրենք սովորական ընտանիք են, որտեղ նաև խնդիրներ են լինում: «Ամուսինս գիտի, որ դավաճանությունը չեմ ների: Այս տարիների ընթացքում չի եղել դեպք, որ մտածեմ բաժանվելու մասին, իսկ խնդիրներ բոլորի մոտ էլ լինում են, պետք չէ ամեն ինչ լրջացնել: Շատ դեպքերում ես լռում եմ, ոչինչ չեմ խոսում, որ երևույթն անցնի, արագ որոշումներ չեմ կայացնում, գիտակից եմ նայում տվյալ իրավիճակին և վերահսկում այն: Եվ հետո, տղամարդիկ բռնկուն են, սիրում են նյարդայնանալ, գոռալ, եթե կինն էլ նույնն անի, փոքրիկ վեճը պատերազմ կդառնա: Ուղղակի ամեն հարցում ճիշտ մոտեցում է պետք, համենայնդեպս՝ իմ փորձով»,- պատմեց Ծովինարը:

Դերասանուհին նաև նկատեց, որ 15 տարիների ընթացքում ինքն ու Նարեկը միմյանց չեն ձանձրացրել: «Իրար չենք ձանձրացրել, որովհետև երկուսս էլ հետաքրքիր ու տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ ենք, նաև արվեստն է փրկում: Թեև տեսակով շուտ ձանձրացող եմ, Նարեկն իր անակնկալներով, էքստրեմալ քայլերով ու փոփոխություններով չի թողնում, որ ձանձրանամ»,- պատմեց նա: Ծովինարը նաև ասաց, որ երեխաների դաստիարակությամբ երկուսով են զբաղվում, երբեմն նաև փոքրիկ բախումներ են ունենում:

«Նարեկը բարկանում է, որ մեր փոքր որդուն՝ Արշակին, «երես եմ տալիս», բայց ինքն էլ մեր ավագ որդուն՝ Անրիին է «երես տալիս»: Ինչպես աշխատանքը, այնպես էլ երեխաների դաստիարակությունը միասին ենք կազմակերպում: Ուզում ենք մեր երեխաների համար ընկեր լինել, լսել, խորհուրդներ տալ, ոչ թե խիստ ծնողներ լինել: Մեր ավագ որդին՝ Անրին, արդեն 14 տարեկան է, 7 տարի է՝ ֆուտբոլով է զբաղվում: ժամանակին թատրոնում էր խաղում, հիմա չի խաղում, իր դասերով է զբաղվում: Եթե որոշի դերասան դառնալ, չենք խանգարի՝ չնայած գիտենք՝ որքան բարդ ուղի է: Հիմա մտածում է՝ ֆուտբոլն ընտրել, թե՞ իրավաբանությունը, մտածելու համար ժամանակ ունի: Փոքր որդիս առաջին դասարանում է սովորում, նա ևս ֆուտբոլ խաղալ շատ է սիրում, պարապմունքների է հաճախում, դեռ ընդգծված նախասիրություններ չունի»,- եզրափակեց Ծովինարը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*